ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հյուրընկալեց Շվեդիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող մարմնի ներկայացուցիչներին։ Հյուրերը միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագետների հետ միասին կայցելեն ՀԱԷԿ, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, ճառագայթային թերապիա իրականացնող որոշ առողջապահական կազմակերպություններ։ Այցի արդյունքում կնախապատրաստվի Հայաստանի և Շվեդիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության և փոխընբռնման հուշագիր։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն համագործակցելու է Շվեդիայի կարգավորող մարմնի հետ ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային բժշկության և ճառագայթային թերապիայի, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում։
ՄՌԱԳ կենտրոնի ռադիացիոն անվտանգության առաջատար մասնագետ Արփի Խաչատրյանը մասնակցեց Վիեննայում կայացած Տեխնիկական հանդիպմանը, որտեղ քննարկվեցին Միջազգային ռադիացիոն չափումների և միավորների կոմիտեի (ICRU) 95-րդ զեկույցում ներկայացված արտաքին ճառագայթահարման չափումների գործառնական նոր մեծությունների և միավորների ներդրման հնարավոր ազդեցությունները: Քննարկվող հարցերը ներառում էին նոր չափումների ներդրման առավելությունները, իրականացման հետ կապված խնդիրները և դրանց ընդունման համար անհրաժեշտ ժամանակը: Արփի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ ռադիացիոն անվտանգության ոլորտի այն մարտահրավերներին, որոնց բախվում են Հայաստանի նման փոքր երկրները: ՄՌԱԳԿ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը միջազգային քննարկումներում և հանձնառու է ակտիվ դերակատար լինել՝ աջակցելով ճառագայթային պաշտպանության միջազգային ստանդարտների մշակմանը։
Կենտրոնի ներկայացուցիչ, ռադիացիոն անվտանգության առաջատար մասնագետ Սաթինե Վարդանյանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար կազմակերպված “ «Ռադիոակտիվ թափոնների և ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ կառավարում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» թեմայով միջազգային աշխատաժողովին: Սաթինե Վարդանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով ռադիոակտիվ աղբյուրների հայտնաբերման և դրանց հետ աշխատանքի Հայաստանի փորձը։
Կենտրոնի ռադիացիոն անվտանգության թիմի ներկայացուցիչը հուլիսի 22-26-ը մասնակցել է «Միջուկային նյութերի կառավարման ինստիտուտի» 65-րդ տարեկան հեղինակավոր հանդիպմանը, որն այս տարի անցկացվել է ԱՄՆ Պորտլանդ քաղաքում։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է կարգավորող հսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ նյութերի և նախագծային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրների կառավարման վերաբերյալ ՄՌԱԳԿ-ի փորձը։ Կենտրոնի ներկայացուցչին շնորհվել է «Միջուկային նյութերի կառավարման ինստիտուտի» անդամակցության մեկ տարվա իրավունք և հեղինակավոր «Միջուկային նյութերի կառավարման ամսագրի» թղթակից անդամի և խմբագրի իրավունք։
Սույն թվականի հունիսի 25-26-ը Երևանում կայացավ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն»-ի և ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հանդիպումը։ Այցի նպատակն էր ծանոթացնել կենտրոնի աշխատակիցներին նոր ինովացիոն գործիքի (TOSCA) հետ, որը նախատեսված է ազգային կարգավորող մարմիններին աջակցող գիտատեխնիկական կազմակերպությունների կարողությունների ինքնագնահատման համար: Անդամ պետությունների խնդրանքով ԱԷՄԳ-ն համապատասխան աջակցություն կցուցաբերի ինքնագնահատման վարժանքն իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության Կառավարության 7 մարտի 2024 թվականի N 326-Ն որոշմամբ հաստատվեց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ՓԲԸ-ի հեղինակած փաստաթուղթը՝ «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը»: Փաստաթուղթը հիմք է հանդիսանալու միջազգայնորեն ընդունված մոտեցումների կիրառմամբ գնահատելու ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ռադիացիոն ազդեցությունը։
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 15-18-ը մասնակցել է Վիեննայում կազմակերպված «Second Regional Coordination Meeting» on IAEA RER9157 թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոյեկտի շրջանակներում կատարված աշխատանքները և պլանավորվել է 2024-2025 թվականներին իրականացման ծրագիրը։
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 9-10-ը մասնակցել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կազմակերպված «International CBRN Response and Assistance» թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային/ռադիոակտիվ նյութերով պայմանավորված միջադեպերին արձագանքման ազգային պլանին վերաբերող հիմնախնդիրները։