ՀՀ կառավարությունն իր հունիսի 1-ի հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։
Հայաստանն, ի դեպ նախկինում ևս այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման, անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնագավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։
Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։
Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։