Սույն թվականի մարտի 21-ին Կենտրոնը մասնակցել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում (այսուհետ՝ կոմիտե) անցկացված Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը, իսկ մարտի 22-ից 25-ը՝ Հայաստանի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագրի INSSP (Integrated Nuclear Security Support Plan – միջուկային ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված ինտեգրված պլան) դիտարկման առաքելությանը: Միջոցառումներն անցկացվեցին հիբրիդային եղանակով։ INSSP դիտարկման թիմի կազմում էին ԱԷՄԳ-ի աշխատակիցները և Հունաստանից ու ԱՄՆ-ից հրավիրված փորձագետները, ովքեր հանդիպմանը մասնակցում էին առերես, իսկ ևս մեկ փորձագետ ԱՄՆ-ից՝ հեռահար տարբերակով։ Աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև INSSP դիտարկման աշխատանքներին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև կոմիտեի և Միջուկային և ճառագայթային անվտանգության կենտրոնի մասնագետները։ Մարտի 21-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱԷՄԳ-ի աշխատակիցները ներկայացրին ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը՝ ներառյալ INSSP-ն և NUSIMS համակարգերը (Nuclear Security Information Management System – Միջուկային ֆիզիկական պաշտպանության տեղեկատվության կառավարման համակարգ)՝ մանրամասնելով դրանց կարևորությունը։ Իսկ հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառի խնդիրները և հնարավորությունները, Հայաստանի INSSP իրականացման ընթացքը։ Մարտի 21-ից 25-ն անցկացված INSSP առաքելության նպատակն էր վերանայել և թարմացնել Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը, գնահատել ձեռքբերումները, հայտնաբերել կարիքներն ու սահմանել առաջնահերթությունները: ԱԷՄԳ-ի INSSP առաքելության կողմից կատարված աշխատանքների արդյունքում վերանայվեց և թարմացվեց Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը և դրա իրականացման պլանը 2023-2027թթ․ համար։