ՄՌԱԳ կենտրոնի մասնագետները ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ պահեստարան են տեղափոխել են Co-60 տեսակի քառասուն ռադիոիզոտոպային աղբյուր։ Գործողությանը մասնակցել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։
Խորհրդային տարիներից Հայաստանում մնացել են բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրներ, որոնք այլևս չեն օգտագործվում։ Տասնամյակներ շարունակ դրանք պահվել են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բունկերում, սակայն անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ապահով պահեստարան։ Հայաստանում մինչ օրս չի եղել նման փորձ։
Ռադիոակտիվ և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը մշակել էր ռադիոակտիվ աղբյուրները բունկերից հանելու և տեղափոխելու համապարփակ ծրագիր՝ անվտանգության ամենաբարձր նորմերի պահպանմամբ։ Կենտրոնը համագործակցել է ԱՄՆ Pacific Northwest և Oak Ridge ազգային լաբորատորիաների հետ, որոնց փորձագետները հրավիրվել էին Հայաստան՝ ծրագրի քննարկման ու տեխնիկական խորհրդատվության համար։
Նախապատրաստական փուլը ներառում էր տեղամասի մանրակրկիտ ստուգումներ, պահանջվող նյութերի և սարքավորումների գնահատում և անվտանգության պլանի մանրամասն մշակում։ Խիստ կարևոր էր հեռացման գործընթացում նվազագույնի հասցնել ռիսկերը թե՛ անձնակազմի, և թե՛ շրջակա միջավայրի համար:
Փոխադրման նպատակն է նվազեցնել ռադիացիոն հնարավոր ռիսկերը՝ ապահովելով տեղի բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Աշխատանքներն իրականացվել են միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան՝ լիարժեք պահպանելով տեխնիկական և բնապահպանական բոլոր պահանջները։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հանրային անվտանգության ամրապնդման և միջուկային ոլորտում միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ։



